понедельник, 21 сентября 2020 г.

Սոցիալիստական հասարակություն


Ամենասկզբում սոցիալիզմն ուներ արմատական, հեղափոխական բնույթ՝ հետապնդելով շուկայական հարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգի վերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստական անդասակարգ հասարակարգով փոխարինելու։ 
Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները: Համայնքը` հասարակությունը կենտրոնական դերակատարում ունի սոցիալիստական գաղափարախոսության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ գաղափարախոսական իմաստներով։ Սոցիալիստները կարծում էին, որ մարդու բնույթը փոփոխվող է՝ ելնելով սոցիալական կյանքի հանգամանքներից, ավելին՝ անհատի գործողությունները սոցիալապես կանխորոշված են։ Իսկ մարդը՝ որպես սոցիալական էակ, ի վիճակի է ապրել և հաղթահարել սոցիալական և տնտեսական խնդիրները՝ հիմնվելով համայնքի, այլ ոչ թե անհատի ջանքերի վրա։ Համայնավարության գաղափարը սերտաճած է համայնքի` վերը նշված ընկալման հետ։ Համայնավարությունը ենթադրում է, որ համայնքի հավաքական ջանքերը ունեն ավելի մեծ թե՛ պրակտիկ, թե՛ բարոյական արժեք, իսկ ընդհանուրի շահը ավելի կարևոր է քան անհատինը։ Այն հասարակությունը, որը խրախուսում է անհատի եսասիրական, օգտածարավ վարքը անհեռանկար է։ Սա այն առանցքային գաղափարներից է, որտեղ սոցիալիստները հակադրվում եմ ազատական կապիտալիստական ավանդույթին։ Համայնավար հասարակության զարգացման շարժիչ ուժ սոցիալիստները համարում էին համագործակցությունը` միասնական աշխատանքը ընդհանուր շահի համար՝ ի տարբերություն ազատականների կողմից շրջանառվող մրցակցության գաղափարի։ Համագործակցության արդյունքում արտադրված բարիքի բաշխումն էլ պետք է տեղի ունենա ըստ կարիքի։ Վերջիններս կարծում էին, որ մարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը ձևավորվում է ավելի շատ հասարակության կողմից անհավասար վերաբերմունքի արժանանալու՝ նյութական բարիքի անհավասար բաշխման արդյունքում, այլ ոչ թե բնատուր ընդունակությունների։ Սոցիալիստների համար սոցիալական հավասարության գաղափարը ֆունդամենտալ արժեք է։ Եթե մարքսիստ–կոմունիստները ձգտում են սոցիալական բացարձակ հավասարության՝ համայնավարական արտադրության միջոցով, ապա սոցիալ–ժողովրդավարները՝ հնարավորությունների հավասարությանը։ Անդասակարգ հասարակությունը՝ շահագործող և շահագործվող դասակարգերի բացակայությունը, սոցիալիզմի նպատակներից մեկն էր։ Երբ 20-րդ դարի կեսերից աշխատավորությունը իր դասական արդյունաբերական իմաստով դադարեց գոյություն ունենալ, և տեղի էր ունենում ապաարդյունաբերացման գործընթաց, անդասակարգ հասարակության գաղափարը՝ որպես սոցիալիզմի հիմնարար արժեքներից մեկը, սկսեց ձևափոխվել։

Комментариев нет:

Отправить комментарий