среда, 11 марта 2020 г.

Սևրի հաշտության պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև:


Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջագգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ (տե՛ս Վիլսոնի իրավարարական պայմանակարգ): Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխանակում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրում՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը: Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից. «Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում է իր և Օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար»:Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: (Տե՛ս Հայաստանը ըստ Սևրի պայմանագրի)Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա: Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը: Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ: Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը:Դաշնակիցները ճանաչեցին Մ. Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով: Ավելին, նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն: Դա Թուրքիայի լիակատար հաղթանակն էր: Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ՝ որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի: Սևրի հաշտության պայմանագիրը այսօր էլ մնում է որպես մի հուշագիր Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий