среда, 2 декабря 2020 г.

ԼՂՀ միջազգային դրություն

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994 թվականներին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988-1994 կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988 թվականից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից (1988 թվականի փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։ Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևս։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։ 1991 նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու (7.11.1991), Սալաքյաթին (7.11.1991) և Խոջավենդ (19.11.1991) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր (15.11.1991) ու Քարագլուխ (20.11. 1991) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։ Ռազմական գործողությունն սկսվել է դեկտեմբերի 23-ի գիշերը։ Յոթ ժամ տևած մարտերն ավարտվել են հակառակորդի այդ կարևոր հենակետի վնասազերծմամբ։ Դեկտեմբերի 22–23-ին վնասազերծվել են նաև Մարտակերտի շրջանի ադրբեջանական Իմերեթ-Քերեվենդ և Ումուդլու գյուղերի հենակետերը։ Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, և միանգամից անպաշտպան են մնացել Արցախի բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։ Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և Աղդամից 300-ական զինյալներ ընդգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և մեկ ՄԻ–24 ուղղաթիռի Արցախ տեղափոխման հանգամանքով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել Արկադի Տեր-Թադևոսյանը, որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Տարբեր ժամանակներում Արցախի զինված ուժերի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ հայազգի կադրային զինվորականներ՝ Ռ. Գզողյանը, Ք. Իվանյանը, Հ. Հարոյանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարությունյանը, Ա. Զինևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մարտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում՝ 500-ական մարտիկ։ 1992 թվականի հունվարի 19–20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, որից հետո հայ մարտիկները դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա։ Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել Քարինտակի ուղղությամբ։ Սակայն հարևան գյուղերից և մայրաքաղաքից օգնության հասած ինքնապաշտպանական ջոկատների ճնշման տակ հակառակորդը հետ է քաշվել: 1992 թվականի փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության ԳԽ-ի նախագահությունը որոշում է ընդունել պետական համապատասխան կարգավիճակ շնորհել մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին։ Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունն էր (տես Խոջալուի ազատագրում)։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել է արտաքին աշխարհի հետ հուսալի օդային կապը, կանխվել հակառակորդի՝ Ասկերանի կողմից Ստեփանակերտ ներխուժելու վաղեմի ծրագիրը, ծանր հարված է հասցվել Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի են սրվել Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները։ Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992 թվականի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։ Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ Արցախի շրջափակման օղակի ճեղքումը: Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։ 1993 թվականի հայկական լայնածավալ առաջխաղացում և Արցախի ամբողջական ազատագրում։ Նախապատրաստվելով ձմեռային պատերազմաշրջանին՝ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության, նյութական պաշարների գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993-ի հունվարին հարձակողական գործողություններ են ծավալել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, ինչպես նաև Լաչինի ուղղություններում։ 1993 թվականի ապրիլի սկզբին ավարտելով քելբաջարյան ռազմագործողությունը՝ ձեռնամուխ են եղել նոր մարտական գործողությունների։ Աղդամի կրակակետերի ոչնչացման նախապատրաստական մարտերի ժամանակ, 1993 թվականի հունիսի 12-ին, Մարզիլու գյուղում զոհվել է Մոնթե Մելքոնյանը: Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇ-ների և Կենտրոնական եզրակացության զորամասերը, 4-րդ ՊՇ-ի մի քանի ստորաբաժանումներ սկսել են Մարտակերտ քաղաքի և շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը։ Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային, ներքին զորքերի և տանկային բրիգադների զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը և չեզոքացնելով օդում հակառակորդի ունեցած բացարձակ առավելությունը՝ հայկական ստորաբաժանումներն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ և դուրս եկել Աղդամ-Մարտակերտ մայրուղու բնագիծը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլլու, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբրայիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնային մասի ուղղությամբ հակահարձակման անցնելու համար։ Այդ ուղղությամբ տևական ու դաժան մարտերից հետո, 1993 թվականի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները: Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։

Զինադադարի հաստատում


Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Հետևաբար, հասունացել էր զինադադարի հաստատման պահը, ինչն էլ ճիշտ ժամանակին գնահատեց Ռուսաստանը: Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք երկրների շահագրգիռ միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը, առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի արծարծման վճռական քայլեր ձեռնարկեց հրադադար հաստատելու ուղղությամբ։ Դրանով Ռուսաստանն առաջին հերթին հետամտում էր իր միջազգային վարկանիշի ու Հարավային Կովկասում ազդեցության վերականգնման քաղաքական խնդրին։Դեռևս մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։ Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2019)։ Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2019)։

Комментариев нет:

Отправить комментарий