понедельник, 9 ноября 2020 г.

Հայաստանի անկախացման գործընթացը

 Հայաստանի անկախության ուղին

Անկախ պետականության հաստատումը կամ վերականգնումը ամեն մի ժողովրդի բաղձալի ցանկությունն է, երազանքը: Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում բազմիցս կորցրել ու վերականգնել է իր պետականությունը: Այդպես եղավ նաև 20-րդ դարավերջին, երբ ստեղծվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: Այն ոչ միայն ստեղծվեց Հայաստանի Առաջին (1918-1920) և Երկրորդ (1920-1991) Հանրապետությունների հիմքի վրա, այլև դարձավ նրանց ժառանգորդն ու իրավահաջորդը: Գոյատևելով շուրջ 2.5 տարի` Հայաստանի Առաջին Հանրապետությունը դրեց նորագույն շրջանի հայոց պետականության հիմքերը` փաստորեն ապահովելով նրա՝ թեկուզ և անկատար տեսքով գոյությունը՝ ի դեմս Խորհրդային Հայաստանի: ԽՍՀՄ կազմում Խորհրդային Հայաստանը նշանակալի նվաճումների հասավ հասարակական և տնտեսական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, ունեցավ զարգացած արդյունաբերություն և մշակույթ, սակայն չուներ և չէր կարող ունենալ քաղաքականապես ու տնտեսապես անկախ ազգային պետություն ու պետականություն: 1980-ական թթ. վերջերին և 1990-ական թթ. սկզբին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած քաղաքական բուռն զարգացումների արդյունքում կազմալուծվեց այդ երկիրը, և Հայաստանը, ի թիվս նախկին խորհրդային մյուս հանրապետությունների, անկախացավ, որի իրավական ձևակերպումը տրվեց 1991թ. սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով: 1980-ական թվականների երկրորդ կեսը ճակատագրական ժամանակաշրջան հանդիսացավ Խորհրդային Միության համար: Գորբաչովյան վերակառուցման քաղաքականությունը, որը խոստանում էր դեմոկրատացնել հասարակությունը, ձերբազատեայն անցյալի սխալներից ու թերություններից՝ փաստորեն ոչինչ չտվեց: Երկրում հատկապես սրվեց ազգային հարցը, ուժեղացան հանրապետությունների անջատողական ձգտումները: Կենտրոնի անճարակության պատճառով փաստորեն ստեղծվեց քաղաքական անկառավարելի իրավիճակ: Օգտվելով այդ վիճակից՝ հատկապես միութենական հանրապետությունները փորձեցին անկախանալ: Անկախացման ուղին բռնեցին մերձբալթյան հանրապետությունները, Վրաստանը, Ուկրաինան, ավելի ուշ՝ Հայաստանի Հանրապետությունը, որը կաշկանդված էր Արցախյան խնդրով: Այդ ամենին գումարվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը՝ իր աղետալի հետևանքներով: Սոցիալական, բնապահպանական, լեզվամշակութային, ժողովրդավարական ու այլ հիմնահարցեր լծորդվեցին արցախյան ազատագրական շարժմանը: Արցախի հարցում, մի կողմից ԽՍՀՄ ղեկավարության միտումնավոր քաղաքականության, մյուս կողմից, հանրապետության կուսակցական ղեկավարության, չափից ավելի զգուշավոր գործունեության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց հավատը կոմունիստական կուսակցության հանդեպ: Դրա հետ մեկտեղ լայն թափ ստացած, ազգային շահերի իրականացմանն ուղղված ժողովրդավարական շարժումը վայելում էր ժողովրդական զանգվածների վստահությունը: Այդ ամենը հանգեցրեց հանրապետության քաղաքական կյանքի արմատական ու շրջադարձային փոփոխությունների: Դրանք սկզբնավորվեցին Հայաստանի գերագույն խորհրդի 1990թ. մայիսի 20-ի և հունիսի 3-ի ընտրություններով, որոնք տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով: 1990թ. մայիսի 20-ին, անցած 70 տարում Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին Գերագույն խորհրդի այլընտրանքային ընտրություններ, որին մասնակցեց նաև Արցախի բնակչությունը: Ընտրական պայքարը հիմնականում ընթացավ Հայոց համազգային շարժման և Հայաստանի կոմունիստական կուսակցության միջև: Ընտրություններում ձայները բաժանվեցին ՀՀՇ-ի և Հայաստանի կոմկուսի ներկայացուցիչների միջև: 1990թ. օգոստոսի 4-ին հանրապետությունում նորընտիր խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրեց ՀՀՇ վարչության նախագահ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին: Դրանով վերջ տրվեց կոմկուսի մենիշխանության յոթանասունամյա շրջանին: Հայաստանի նորընտիր իշխանությունները ձեռնամուխ եղան ազգային անկախ պետականության ստեղծմանը: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, երկարատև ու հանգամանալից քննարկումից հետո, ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը, որով դրվեց անկախացման գործընթացի սկիզբը:


Հայաստանի անկախության հռչակագրի դրույթները


Հռչակագիրը կարևոր իրավական փաստաթուղթ էր դեպի անկախություն տանող ճանապարհին: Այն բաղկացած էր 12 կետից և նախանշում էր Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները: Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան, այսինքն՝ այնպես, ինչպես հանրապետությունը կոչվել է 1918թ.: Հռչակագրի հատուկ հոդվածով հաստատվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը չէր հաստատված Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում: 1990թ. օգոստոսի 24-ին պետական դրոշ հաստատվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին Հանրապետության դրոշն էր: Այնուհետև 1992թ. ապրիլի 19-ին ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը` զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր: Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը: Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները: Հողը, իբրև մասնավոր սեփականություն, պետք է տրվեր գյուղացուն: Ձեռնարկությունների մի մասը ենթակա էր սեփականաշնորհման: Հատուկ կետով արձանագրվում էր, որ Հայաստանը պետք է ունենա իր մասնաբաժինը ԽՍՀՄ զինված ուժերի միջոցներից: ՀՀ-ն պետք է ունենա սեփական դրամական համակարգը: Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի կիրառման հարցին: Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն: 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու վերաբերյալ հոդված մտցվեց: Մինչև նոր սահմանադրության՝ հիմնական օրենքի ընդունումը հռչակագիրը ծառայում էր իբրև ծրագրային փաստաթուղթ: Հռչակագիրը միաժամանակ դարձավ ազգային օրենսդրության և նոր Սահմանադրության ստեղծման հիմքը: Անկասկած այդ փոփոխությունները խաթարում էին խորհրդային սահմանադրության ամբողջականությունն ու ներքին տրամաբանությունը, քանի որ իրավաբանորեն հստակ համապատասխանում էր ամբողջատիրության պահանջներին՝ կոմկուսին ընձեռելով իշխանության անսահմանափակ հնարավորություններ: Հայաստանի նկատմամբ կենտրոնի վարած ահաբեկչական քաղաքականության անընդհատ սաստկացումը բացատրվում էր կայսրության փլուզումն ամեն գնով կասեցնելու ձգտումով, քանի որ մեր հանրապետությունն ընթանում էր անկախացման ճանապարհով: Պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետությունը մերձբալթյան հանրապետությունների, Վրաստանի և Մոլդովայի հետ միասին չմասնակցեց կենտրոնի նախաձեռնությամբ ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ 1991թ. մարտի 17-ին անցկացված համամիութենական հանրաքվեին՝ այն որակելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին հակասող: Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից՝ կենտրոնից ձերբազատվելու և ազգի շահերից բխող քաղաքականություն վարելու նպատակով, Հայաստանի Գերագույն խորհուրդը նույն թվականի մարտի 1-ին որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու վերաբերյալ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը, այսինքն՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը) «այո» ասաց անկախությանը Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: 70-ամյա ընդմիջումից հետո կրկին վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակելուց հետո առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անվտանգության և անկախության պահպանումը, որի երաշխիքը կարող էր լինել միայն մարտունակ բանակը: Իր կարճատև պատմության ընթացքում հաղթահարելով պատերազմի ու բանակաշինության ծանրագույն փորձությունները` հայոց բանակը կոփվեց և դարձավ մեր անկախ պետականության կարևորագույն երաշխիքը: 1990թ. Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական ու գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման գործում: Նույն տարվա սեպտեմբերին ՀԽԱՀ Գերագույն խորհրդի որոշմամբ հանրապետության ՆԳՄ (ՆԳՆ) կառույցում ստեղծվեց «Հատուկ գունդը» : Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն, որի հիմքի վրա քիչ ավելի ուշ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: 




Комментариев нет:

Отправить комментарий