Ադրբեջանցիները Հայաստանում, Հայաստանի տարածքում ձևավորված տարբեր պետական կազմավորումների ադրբեջանցի ազգաբնակչության ընդհանուր անվանումը։ Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի տարածքում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համոզմամբ 2004 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ։
Ադրբեջանցիները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, սակայն նշվում են միջազգային մի շարք կառույցների վիճակագրական տվյալներում։ Ի հակասություն այս փաստի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ ներկայումս ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։ Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թյուրքերը) և շուրջ 50 հազար քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12 հազար իսլամադավան ադրբեջանցի։ Հայաստանի ադրբեջանական համայնքի բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։ Բայց ըստ «Փրկված մանսունքներ» կազմակերպության ներկայացուցիչ Մանուշակ Խոջայան-ի այսօր քիչ չեն Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, ավելին, նրանք ապրում են նաև Արցախում և վատ չեն ապրում: Ըստ նրա, մի քանի տարի առաջ կազմակերպությունը ոչ հրապարակային մի նախագիծ իրագործեց, պարզելու համար թե քանի ադրբեջանցի է ապրում Հայաստանում: «Պարզվեց, որ նրանց քանակը բավականին շատ է, ավելին, նրանք բնակվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների կոնկրետ քանակը Հայաստանում ու Արցախում պարզելն ուղղակի անհնար է, քանի որ նրանք թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը: «Նույնիսկ այդ մարդկանց ամուսնական զույգերի հարազատները հաճախ չգիտեն, որ նրանք ադրբեջանցիներ են»,-ասել է նա: Խոջայանը հայտնել է, որ ինքն անձամբ 6-7 ընտանիք գիտի, որտեղ ադրբեջանցիներ կան: «Ես ծաոթ եմ մի ադրբեջանցու հետ, որը դասավանդում է: Եվ հարկ է նշել, որ շատ հայերից լավ է տիրապետում հայոց լեզվին»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիները Հայաստանում շատ լավ են ապրում:
Комментариев нет:
Отправить комментарий