понедельник, 8 апреля 2019 г.

Իոսեբ Նոնեշվիլի «Մատենադարանում»

Ստվար հատորներ հրաբույր, դեղնած,
Ծանր կաշվե կազմ... թանձրաներկ տառեր,
Այստեղ հեռավոր լույսը մեր նախնյաց
Մագաղաթներից շողշողում է դեռ:
Մի գրքի մասին պատմում ես դու ինձ,
Հին մագաղաթը թերթում զգուշաբար,
Ծիրանագույնն է խոսում այս թերթից,
Այն թերթի վրա դեռ թարմ մի նկար.
Օ, այս տառերը...տառե՞ր են սակայն...
Ո՛ր, սիրտը խոցող նետե՛ր են արնոտ...
Մոնղոլն էր սուրում, որ հողը հայկյան
Ձիու ոտքի տակ դարձներ արոտ...
Լսում եմ գրքից հառաչը հնի,-
«Մարում էր արևն արյան գոլորշում...»
Սելջուկն էր, պարզած սուրը եղեռնի,
Ծառեր թրատում, քաղաքներ քանդում...
Ասում ես, ահա,- Այս գիրքն էլ հաճախ
Կապել են ինչպես գերի զինվորին...
Քիչ է թվացել գերությունն, ավաղ,
Տե՛ս, կազմի վրա վերքեր կան խորին...
Այս ճոխ, ծաղկագիր տողերը գերող
Ներկվել են արյամբ մեր նախնիների,
Տուրքով, տուգանքով,թե գրոհներով
Փրկել են գիրքն էլ, ինչպես հայրենին...
Եվ մի գոռ մարտում, երբ չարը գազան
Սև թուրն է պարզել մեր հանդ ու արտին՝
Այրամբ լվացված գիրքն այս սրբազան
Փրկել է բոցից ռուս մի մարտիկ.
Թև տվել հային բազուկով իր կուռ՝
Ուժն է ցույց տվել նա եղբայրության.
Այս գրքի համար մենք սրտով մաքուր
Երախտապարտ ենք նրան հավիտյան:
-Թո՛ղ այժմ, եղբայր, ե՛ս շարունակեմ.
Օ, նույնն էր, չէ՞ որ բախտը իմ երկրի,-
Այդ նույն մարտիկ իր կրծքով փակեց
Այն հողը, որ դեռ շնչում է գրքից...
Եվ գի՞րքը միայն...
Նա դարձավ պաշտպան
Մեր ազատությա՛ն, մեր իրավունքի՛ն,
Նա մեզ ուժ տվեց
ու մենք տիրացանք
Լուսաշող կյանքի ոսկեթերթ գրքի՛ն...

Աղբյուր՝ Կամուրջ Թբիլիսի 2009, էջ 399
Մուտքագրեց Անի Ղազարյանը


Комментариев нет:

Отправить комментарий