понедельник, 12 октября 2020 г.

Հայկական դիվիզիաներ

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։
Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ 1922թ.։ 1941–1942թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայաստանի տարածքում Կարմիր բանակի 8 այլ դիվիզիաներ ու մի շարք բրիգադներ ևս համալրվեցին նրա զավակներով։ Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942թ. գարնանը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։ Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա։ 1942թ. սեպտեմբերից Նովոռոսիյսկի շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան։ Մինչև վերջնական հաղթանակը թշնամու դեմ կռվել են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Հիրավի, փառավոր էր 89-րդ «Թամանյան» (շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտական ուղին (3700 կիլոմետր), որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։ Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։ Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։
Պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները, իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը բանակի, 6-ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատարներ էին։ Հայերն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում։

Комментариев нет:

Отправить комментарий