среда, 18 сентября 2019 г.

Ինքնիշխանություն

Ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Գերակայություն և անկախություն հասկացություններն արտահայտում են ցանկացած պետության որակական առանձնահատկությունները: Պետությունը գոյություն ունի որպես իրական ուժ, որն ունակ է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես ինքնիշխան անկախ կազմակերպություն։ Պետական ինքնիշխանության հարգումն արդի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է և ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ և միջազգային իրավական այլ ակտերում:
Ինքնիշխանություն հասկացությունն իր աշխատություններում առաջին անգամ դիտարկել է 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և իրավունքի տեսաբան Ժան Բոդենը։ Նրա կողմից այս հայեցակարգի մշակումը պայմանավորված էր այդ ժամանակվա արդիական պահանջներով։ Բոդենը փորձում էր գտնել հասարակական կարգի և քաղաքական կայուն վարչակարգի հիմքերը։ Այսպիսի հիմք նա տեսավ ինքնիշխանություն հասկացության մեջ։ Նրա կողմից առաջարկված գաղափարները դարձան Նոր ժամանակների եվրոպական քաղաքական վերափոխումների հիմքը։ Մայրցամաքում սկսեց ձևավորվել ինքնիշխան ազգային պետությունների համակարգ, որն իր վերջնական ամրագրումն ստացավ 1648 թ. Վեստֆալյան դաշնագրում։ Բոդենի «Վեց տրակտատ պետության մասին» դասական աշխատության մեջ ինքնիշխանությունը սահմանված է որպես պետության մշտական և բացարձակ իշխանությունն իր քաղաքացիների և ենթակաների նկատմամբ։ Ինքնիշխանությունը մշտական է, անբաժան, բացարձակ և ինքնաբավ։ Պրակտիկ ընկալմամբ ինքնիշխանությունը ենթադրում էր արտաքին ազդեցություններից (Հռոմի պապ, Հռոմեական սրբազան կայսրություն) պետության անկախ լինելը։ Վեստֆալյան պայմանագրի արդյունքում Եվրոպայում հաստատվեց տարածքային քաղաքակական այնպիսի կարգ, որի հիմքում ինքնիշխան պետություններն էին։ Սակայն Եվրոպայում այդ ժամանակ (17-րդ դար) անկախ պետությունները տարածքային միակ մոդելը չէին, գոյություն ունեին նաև համադաշնություններ, կոմսություններ, հերցոգություններ և այլն։ Սակայն աստիճանաբար հենց ինքնիշխան տարածքային մոդելը դարձավ քաղաքական կյանքի կազմակերպման միակ հնարավոր ձևը։

Комментариев нет:

Отправить комментарий