Այս գարունն իմ հին ծանոթ է ասես.
Որին չեմ տեսել մի կլոր տարի-
Գրկում եմ նրան,
Պաչպչում տաք-տաք,
Կատակում հետը,
Հիշեցնում ապա.
-Հիշո՞ւմ ես,
Գարուն,
Որ անցյալ տարի,
Հենց նույն այս օրը մենք հանդիպեցինք,
Եվ առավոտը
Նույն գույներն ուներ,
Նույն բույրերն ուներ,
Եվ նույն այս ձևով ես թեթև էի հագնվել էլի:
Սևացավ երկինքն անսպասելի,
Եվ հանկարծակի
Սկսվեց խելառ մի տեղատարափ:
Անձրևն այդ օրը
Ինձ ծանոթացրեց մի աղջկա հետ:
Եվ այդ աղջիկը, չգիտեմ ինչպես,
Ստիպեց, որ ես անձրևը սիրեմ:
Ու ես սիրեցի այն օրը,
Գարուն,
Ու ես սիրեցի անձրևը-
Հոգով- սրտով սիրեցի...
Սիրեցի, ինչպես մանուկն է սիրում,
Սիրեցի, ինչպես պատանին կրքոտ...
Հիմա դու նորից եկել ես,
Գարուն,
Ծաղիկ ես բերել,
Եվ խոտ ես բերել,
Եվ օդ ես բերել
Կարոտ ես բերել...
Եվ տեսնում եմ ես, որ այն աղջիկը,
Առաոտվան ցողով լեցուն աչքերով
Այն աղջիկը խենթ,
Դու էիր,
Գարուն:
Աղբյուրը՝ Վրացական պոեզիա Գագիկ Դավթյանի թարգմանությամբ, էջ 10-11
Մուտքագրեց Անի Ղազարյանը
Комментариев нет:
Отправить комментарий