среда, 10 апреля 2019 г.

Ռեվազ Ինանիշվիլի «Փիրոսմանի»

-Երբ Փիրոսմանին սկսեց ավելի շատ խմել,- պատմում է պսպղուն աչքերով մի մարդ,- ընկերները որոշեցին օգնել նկարչին, որ չկործանվի: Փող հավաքեցին, գինետուն գնեցին՝ իր ամբողջ շարժական և անշարժ գույքով, միաժամանակ զգուշացրին՝ առևտուր արա, համ էլ նկարի, և, եթե խոսել ուզենաս, այլևս ուրիշ տեղ չգնաս, այստեղ էլ խմիր: Փիրոսմանին համաձայնվեց: Այդպիսի մարդ էր: Բոյով էր, չորիկ-մորիկ, մռայլ, թավ ձայնով, միևնույն ժամանակ հարմարվող: Եթե նույնիսկ մի երեխա ասեր «Մի բանի համար պիտանի չես, ոչինչ չես ներկայացնում այս աշխարհի համար», գլուխը կշոյեր, կժպտար և այսպես կպատասխաներ «Ճիշտ ես, ես էլ եմ շատ մտածել այդ մասին»:
Իր նկարիչ ընկերների մոտ աննկատ ներս եկած մարդու պես էր պահում իրեն, եթե, իհարկե, սատանայի ձին չէր հեծած:
 Ոչ ոք չգիտեր նրա վաճառասեղանի գզրոցի հաշիվը, նկուղը միշտ լիքն էր հաճախորդներով, անհաշիվ օղի ու գինի էր խմվում, իսկ գինետան տերը, որին կրկին «Խուդոժնիկ Նիկալա» էին կոչում, միշտ ծնկների մոտ փքված անդրավարտիք էր հագնում, սատինե խալաթ, միշտ ծուռումուռ երկարաճիտ կոշիկներ:
 Շաբաթ երեկոները, երբ ուրիշ դուքանների եկամուտը տասնապատիկ էր ավելանում, Փիրոսմանին բոլորովին առևտուր չէր անում: Այդ ժամանակ նա ուսերը ճմրթված մի պիջակ էր հագնում, կոշիկները փայլեցնում, մազերը սանրում, բեղերը սրում և Գոլովինսկի պողոտա դուրս գալիս: Գնում էր՝ ձեռքերը գրպանները դրած, ծանր, հազալով, մեկ էլ սրան-նրան բարևելով ու երկար կյանք մաղթելով: Եթե որևէ հետաքրքիր ներկայացում լիներ, ապա  վրացական  թատրոն կամ օպերա էր մտնում:
  Այն աշնանը ֆրանսիացի մի պարուհի  էր ժամանել, Մարգարիտա էր անունը: Պարը պար, բայց գեղեցկությամբ ամբողջ Թիֆլիսն էր հիացած: Սնանկացած իշխանները և թեթևամիտ ուսանողները վերջին գոտին էլ կարող էին գրավ դնել, միայն թե Մարգարիտին մի անգամ տեսնեին:
 Խումբ-խումբ հավաքվել էին թատրոնի առաջ: Հայհոյում էին, զազրախոսում: Դե, Փիրոսմանին ինչ վիճակի մեջ կլիներ: Նա ամեն մի գեղեցիկ բանի համար հոգին սատանային կծախեր: Կաշվից դուրս եկավ, ինչ-որ վաճառականի տուն գեղեցկացրեց ու բազմեց պարտերի հենց առաջին շարքում: Ու հիմա, ահա, նստած սպասում է:
Բացվեց վարագույրը: Երևաց թագուհու նման, աղբյուրի պես վճիտ աչքերով Մարգարիտը: Դահլիճը անզուսպ որոտաց: Իսկ Փիրոսմանին նստած էր անշարժ ու հպարտ: Նկատելի էր միայն, որ դեմքն աստիճանաբար սկսվում է պարզվել: Այդպես վեհորեն, այդպիսի ճառագող դեմքով նա նստեց համերգի առաջին մասում, ընդմիջմանը երկրորդ մասի սկզբում... Ու հանկարծ ոտքի ելավ ու... դուրս գնաց՝ ծաղրալից անթիվ հայացքների ուղեկցության տակ: Գինետունը՝ իր շարժական և անշարժ գույքով վաճառեց մի հայ միկիտանի, վրան էլ՝ նկարներ ու գործիքներ: Եղավ Թբիլիսիի բոլոր այգեպանների ու ծաղկավաճառների մոտ ու վերցրած փողով գնեց Թիֆլիսի բոլոր աշնան ծաղիկները: Հետո էլ կառքեր վարձեց, բարձեց դրանք ու հասավ «Պալաս-Օտել»ն հյուրանոցի դուռը:
Ներկայացումից հետո բանկետ էր: Մարգարիտն այնտեղ էր և հյուրանոց վերադարձավ լուսադեմին: Ծաղիկներով լեփ-լի կառքերը երկու շարքով կանգնած՝ սպասում էին:
- Աչքիս հո չի՞ երևում,- տարակուսանքով կանգ առավ Մարգարիտը, և նույն պահին ներկայացավ վրացական տարազով մի մանչուկ ու թավշյա խոշոր, սև վարդը մեկնելով նրան, քաղաքավարությամբ զեկուցեց.
-Այս վարդն ու ծաղիկները Ձեզ նվիրում է նկարիչ Փիրոսմանին:
Մարգարիտը, որ եվրոպացի շատ ու շատ երտասարդների տառապանքի պատճառ էր դարձել, ապշեց. Նա կյանքում այդպիսի բան չէր տեսել:
-Նկարի՞չը...իսկ ո՞ւր է ինքը՝ նկարիչը.
Այս հարցին շատ պարզ պատասխանեցին. «Այստեղ՝ մեզ մոտ, Քռի ափին: Այգի կա այնտեղ, այգում մեծ ծառեր կան ու մեծ լուսին կա: Փիրոսմանին հիմա այնտեղ նստած՝ Ձեր կենացն է խմում»:
 Այս բառերից Մարգարիտն ավելի ցնցվեց: «Կգնամ և ինքս կտեսնեմ» անցավ մտքով, սակայն նրան ուղեկցող մեծատոհմիկները, փաստարկելով ուշ ժամը, խորհուրդ տվեցին վաղվան թողնել այդ այցը: Մինչդեռ ինքը մտածեց նաև «Գուցե այս հոգնած բեզարած տեսքով վատ տպավորություն թողնեմ նկարչի վրա, որ անկասկած բարձրաճաշակ մարդ է երևում»: Մտքերի գիրկն ընկավ, մի կողմի քաշվեց, իսկ հետո արցունք աչք մոտեցավ վրացական տարազով տղային և իր անուշաբույր այցետոմսակն ուղարկեց Փիրոսմանուն՝ վազե ցերեկով իր մոտ հրավիրելու համար:
Փիրոսմանին ուրախությունից երկինք հասավ, անցորդներին սեղանի կանչեց, կուժ ու կուլաններ դարսեց էլի, նվագածուների մի դաստա էլ բերեց ու քեֆը շարունակեց: Այդ օրհնյալ խմիչքը երբեք այդքան անհամ չէր թվացել նկարչին, սակայն այդ օրը խենթացրեց նրան: Թաս-թասի հետևից դատարկում էր, մեկ լալիս, մեկ ծիծաղում, աչքին ամեն ինչ գեղեցիկ էր թվում, ուզում էր ամեն ինչ սեղմել կրծքին, հոգի կտար ամեն լավ բանի համար: Ու մեկ էլ լուսացավ, արև ծագեց;
-Բավական է, տեղ ունես գնալու կեսօրին,- մի քանի անգամ հիշեցրեցին ընկերները, բայց մինչև կեսօր Փիրոսմանին չհեռացավ ո՛չ գինուց, ո՛չ Եթիմ Գուրջու երգերից...
Ուշ գիշեր էր, երբ ոտքի ելավ: Գոտին ուղղեց, պիջակը հագավ, խմեց սրբոց սրբերի կենացը, բեղերն ուղղեց և կառքով ուղևորվեց «Պալաս-Օտել»: Այնտեղ նրան ասացին, որ կեսօրից հետո տիկին Մարգարիտը ինչ-որ մարդու է սպասելիս եղել, ջղայնացել է, հուզվել, իսկ ժամը հինգին իր թատերախմբի հետ մեկնել է Պետերբուրգ:
Թուլացած ոտքերը մի կերպ քարշ տալով՝ Փիրոսմանին բարձրացավ կառք և նորից ուղևորվեց Օրթաճալայի բաղերը, ընկավ խոտերի վրա, փաթաթվեց գինու կժին ու քարացավ: Դուդուկչիները զգացին, թե ինչ կրակ էր այրում իրենց սիրելի նկարչին:
-Վա~խ, վա~խ,- ափսոսանքով օրորեցին նրանք գլուխները, նայեցին միմյանց ու շարունակեցին սիրահար սրտի երգերը:
Տեսա՞ր, բարեկամս, թե մեր խելոք ժողովուրդը ի՛նչ գեղեցիկ է լրացնում իր մեծ նկարչի կենսագրությունը: Գիտեմ՝ ինչ կպատասխանես, «Փիրոսմանու համար գինետուն ոչ ոք չի գնել, Փիրոսմանին ֆրանսուհի Մարգարիտին ծաղիկներ չի նվիրել: Ի՞նչ սև վարդ: Որտեղի՞ց հորինեցիք այս պատմությունն ընդհանրապես»:
Գնա, և եթե այս աշխարհում որևէ մեն մի թաս օղու գնով նկարած, երեխայի աչքերի պես խոսող նկարներ հանդիպեն, ապա միայն դրանք կտան այդ հարցի պատասխանը:


Աղբյուրը՝ Կամուրջ Թբիլիսի 2009,էջ 402-403
Մուտքագրեց Անի Ղազարյանը













Комментариев нет:

Отправить комментарий