вторник, 12 февраля 2019 г.

Տրնդեզ

Պատմական Հայաստանի շատ վայրերում Տրնդեզը համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, հաջողությունը անցնում են քո մեջ: Զենքի շիկացած ծայրով օծվում էր լավաշը, գաթան, չիր ու չամիչը, ցանքի համար մի քանի բուռ հացահատիկ, նորապսակների ու սիրող զույգերի համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի օշարակ, յուղ:  Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ։  Տրնդեզի հրավառությունը նաև վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը:
Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ: Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով` իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

Комментариев нет:

Отправить комментарий