вторник, 14 января 2020 г.

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականին մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝  (կնքվել էր 1917-թվականի դեկտեմբերի 5-ին) թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը:
Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը (հրամանատար՝  գեներալ
Նազարբեկյան), որը կազմված էր 3 դիվիզիայից, մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը:
 Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց (40 հրանոթ):  
Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը (այժմ՝ Արմավիրի շրջ գ. Հոկտեմբեր) և Գեչրլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (այժմ՝ էջմիածնի շրջան, գ. Արշալույս) և Ղուրդուղուլիից (այժմ՝ Արմավիրի շրջան գ. Արմավիր) անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խաճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Արաքս կայարանից հս-արմ. գտնվող Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը (մայիսի 22-26-ի մարտերի ընթացքում թուրքերը տվեցին 3500 սպանված), սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայանի (Ղասաբփաշյան) հրամանատարությամբ, զորախմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, երկու Էսկադրոն, Խնուսի գնդի մեկ վաշտ և 4 հրանոթ], որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:
 Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայհրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով: Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները: ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղաքական բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր:
 Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արլ. Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Ի նշանավորումն Սարդարապատի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի՝ 1968-ին ճակատամարտի վայրում բացվել է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը:

Комментариев нет:

Отправить комментарий